Նյու Յորքի Մետրոպոլիտեն-թանգարանը ցուցադրելու է իր աշխատակիցների ստեղծագործությունները: Այդ մասին օգոստոսի 3-ին հաղորդել է The New York Times-ը: Ցուցահանդեսի առանձնահատկությունն այն է, որ այն կարող են դիտել միայն աշխատանքների հեղինակները կամ նրանց բարեկամներն ու հարազատները:
Այսպիսի ցուցահանդես կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ: Յուրաքանչյուր աշխատակցից ընդունվում է միայն մեկ աշխատանք: Քանի որ միջոցառումը փակ բնույթի է, ուստի այն նաև չի գովազդվում:
Employee Art Show անվանումով միջոցառումը տեղի է ունենալու օգոստոսի 6-ից 19-ը: Ցուցահանդեսի համար տարածք է տրամադրվում թանգարանի երկրորդ հարկում, կարող են այցելել ոչ միայն աշխատանքային օրերին և ժամերին, այլ նաև երկուշաբթի, երբ թանգարանները փակ են:
Մետրոպոլիտեն-թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Հարոլդ Հոլցերը հրաժարվել է ցուցահանդեսի բովանդակության և այցելուների համար նախատեսված սահմանափակումների մասին մեկնաբանություններ տալուց, նշելով, որ դա մասնավոր միջոցառում է:
Այնուամենայնիվ, թանագարանի մի քանի հսկիչ մեկնաբանել են միջոցառումը: Նրանք ափսոսանք են հայտնել, որ այս ցուցահանդեսը փակ բնույթի է, և աշխատանքները չեն կարող ներկայացվել հասարակության լայն շրջանակներին: Նրանք դա պաճառաբանում են, նրանով, որ թանագարանը չի ցանկանում բարձրացնել իր աշխատակիցների ստեղծագործությունների արժեքը:











































