Վիեննայում կյանքի 34-րդ տարում վախճանվել է հայտնի ռումինացի դաշնակահարուհի Միխաելա Ուրսուլեասան: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Romania Insider-ին: Դաշնակահարուհու մարմինը հայտնաբերվել է օգոստոսի 2-ին` Վիեննայի իր բնակարանում:
Նրա մահվան պատճառների մասին հստակ տեղեկություն չկա: Առայժմ հայտնի է, որ մահը վրա է հասել ակնթարթորեն: Չի բացառվում, որ պատճառը գլխուղեղում սկսված արյունահոսությունը լինի:
Վերջին օրերին նա իրեն վատ է զգացել և առողջական խնդիրների պատճառով երկու համերգ չեղյալ է հայտարարել: Դրանցից մեկը պետք է տեղի ունենար օգոստոսի 2-ին` Բուխարենսում, և այսօր՝ Բեռլինում:
Միխաելա Ուրսուլեասան ծնվել է ռումինական Բրաշով քաղաքում` 1979 թվականին, ջազային դաշնակահարի և երգչուհու ընտանիքոմ: Նա շատ տաղանդավոր երեխա է եղել, սկսել է դաշնամուր նվագել 5 տարեկանից: 4 տարի անց արդեն համերգներ է տվել: 12 տարեկանում արդեն հանդես է եկել դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի գլխավորած նվագախմբում:
1990-ականներին նա դադարում է ելույթ ունենալ և կենտրոնանում է կրթության վրա: 1995-ին նա հաղթել է Կլարա Հասկիլի անվան դաշնակահարների միջազգային մրցույթում:
Դաշնակահարուհու դեբյուտային ալբոմը՝ Piano & Forte-ը, թողարկվել է 2010 թվականին, արժանացել հեղինակավոր գերմանական Echo Klassik մրցանակին: Երկրորդ՝ Romanian Rhapsody ալբոմը թողարկվել է 2011-ին:
Ուրսուլեասան ելույթ է ունեցել աշխարհի հեղինակավոր հրապարակներում: Նա ունի հնգամյա դուստր:









































