«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Կակայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ պարզաբանելով, որ բրազիլացի կիսապաշտպանն այս մրցաշրջանում կմնա «Ռեալ»-ում:
Նշենք, որ վերջերս շատ են պտտվում լուրերն այն մասին, որ Կական, հնարավոր է, վերադառնա իր նախկին ակումբ՝ «Միլան»:
«Այս պահին Կական «Ռեալ»-ի խաղացող է: Ամենայն հավանականությամբ, գալիք մրցաշրջանը նա կանցկացնի «Ռեալ»-ի մարզաշապիկով: Սա նշանակում է, որ Կական պետք է մարզվի «Ռեալ»-ի հետ ու խաղերին ներկա լինի. դա իր պարտականությունն է՝ համաձայն ակումբի հետ կնքած պայամանագրի»,- իտալական մամուլը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:
Վերջին մրցաշրջանում Կական 40 հանդիպում է անցկացրել «Ռեալ»-ի կազմում՝ խփելով 8 գնդակ ու դառնալով 16 գոլային փոխանցման հեղինակ:









































