Շվեյցարիա թռչող ամերիկյան United Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը արտահերթ վայրէջք է կատարել Բոստոնում այն բանից հետո, երբ օդանավում կասկածելի ֆոտոխցիկ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Boston.com պորտալը:
Boeing 767-ը, որում եղել է 157 ուղևոր և անձնակազմի 11 անդամ, թռիչք էր իրականցնում Նյուարք քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) օդանավակայանից: Թռիչքի ժամանակ ուղեկցորդը նստարաններից մեկի գրպանում հայտնաբերել է փաթեթի մեջ դրված ֆոտոխցիկ:
Քանի որ ֆոտոխցիկի սեփականատիրոջը պարզել չի հաջողվել, անձնակազմը որոշում է կայացրելʽ դադարեցնել թռիչքը՝ պոտենցիալ վտանգավոր առարկայի պատճառով:
Օդանավակայան վերադառնալուց հետո փորձաքննությունը ցույց է տվել, որ ֆոտոխցիկն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում:








































