Թայվանում մոլեգնում է Սաոլա թայֆունը: Այն Չինաստան կհասնի հինգշաբթի, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Թայֆունի վտանգավորության «նարնջագույն» աստիճանի մասին հայտարարվել է նախօրեին՝ երեկոյան: Օդերևութաբանների կանխատեսումներովʽ ուժեղ անձրև կտեղա կղզու ողջ տարածքում, ամենաշատ տեղումները կդիտվեն Թայվանի հյուսիս-արևելքում:
Երեքշաբթի երեկոյան թայֆունի էպիկենտրոնում քամու արագությունը հասել է վայրկյանում 33 մետրի: Իշխանությունները մտավախություն ունեն, որ կարող են սողանքներ առաջանալ, ինչի պատճառով էլ կղզու առանձին գյուղերից մարդկանց են տարհանում, դադարեցվել են գրասենյակների և հիմնարկների աշխատանքները:
Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, չինացի օդերևութաբանների տվյալներով, թայֆունը հինգշաբթի երեկոյից մինչև ուրբաթ կեսօր կհասնի արևելյան Ֆուցզյան և Չժեցզյան նահանգներ: Գրեթե նույն ժամանակահատվածում Դամրեյ թայֆունը կհասնի Ցզյանսու և Շանդուն նահանգներ, ինչը գրեթե արևելյան Չինաստանի ողջ տարածքում ուժեղ տեղումների պատճառ կդառնա:











































