«Որքան էլ ՀՀԿ տարբեր ռանգի չինովնիկներն ու Գյումրիի պաշտոնյաները պնդեն, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի գրել, այդպես չէ: Հովիկ Աբրահամյանի` Գյումրի այցից «վայրկյաններ առաջ» նա գրել է երկու դիմում, մեկը՝ տեղական կառույցի ղեկավարումը «թարգելու» մասին, մյուսով «խնդրել է կասեցնել իր անդամակցությունը ՀՀԿ-ին»»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Հովիկ Աբրահամյանն ասել է, որ առաջին դիմումը կբավարարեն, երկրորդին ընթացք չեն տա. համբերի՝ տեսնենք ինչ է լինում: Մինչ ՀՀԿ-ում համբերում են, ԲՀԿ մարտական թևը՝ Մարտուն Գրիգորյանի հոր ղեկավարությամբ ոչ միայն «քաղցր» որակումների է արժանացնում ՀՀԿ-ին, այլև տեսակետ է հասունանում, որ եթե Վարդանիկը քաղաքապետի թեկնածու դառնա, չի բացառվում, որ իրենք «տակից» օգնեն նրան:
Բոլոր դեպքերում, ՀՀԿ-ն գոնե այս պահին կարողացավ Գյումրիում հարցերը լուծել փաթեթով, «ղալմաղալը» տեղափոխեց դեպի Բուռնաշ ու Վարդանիկ զույգը՝ շեղելով ուշադրությունը բուն խնդրից, ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին սրտանց սիրող Բալասանյանին դարձրեց քաղաքապետի թեկնածու՝ կանխելով Մարտուն Գրիգորյանի պասաժը, երրորդ քայլով էլ ԲՀԿ-ի ձեռքից ՀՀԿ-ն կվերցնի մեծամասնականի մանդատը, անկախ այն բանից՝ դա բաժին կհասնի Վարդանիկի՞ն, թե՞ Արման Սահակյանին` մեկով պակասեցնելով ԲՀԿ-ի և ավելացնելով իր պատգամավորների թիվը քվեարկությունների էս սուղ դարում»:











































