Հայրենի ոստիկանները հիմա էլ կարծես սկսել են միմյանց գլխին «գործ սարքել». ոստիկանության Չարենցավանի բաժնի ՔՀԲ նախկին պետ Աշոտ Հարությունյանին նրա կոլեգաներից պաշտպանելուց հետո փաստաբան Սեդա Սաֆարյանն այժմ էլ ստիպված է Արարատի մարզի ոստիկաններին վերադասներից պաշտպանել` մի տանից երեք հոգու, ովքեր կալանքի տակ են, և որոնցից երկուսը` համակարգի աշխատող:
Խոսքը Ռազմիկ, Սամվել, Սրապիոն Արթենյանների մասին է: Դեպքը եղել է 2011թ.-ի հունվարի 21-ին, ժամը 23.50-ի սահմաններում: Պաշտպան Սեդա Սաֆարյանը, վկայաբերելով իր պաշտպանյալների հայտարարությունը, «Առաջին լրատվականին» փոխանցեց հետևյալը. ընտանիքի կրտսերը` 23-ամյա Սրապիոն Արթենյանը, երբ ինչ-որ խնջույքից դուրս է եկել և գնացել մարզի գազալցակայաններից մեկում` ավտոմեքենան լիցքավորելու, այդ պահին «դեպքի վայրում» են հայտնվել Արարատի մարզի ոստիկանության երեք աշխատակիցներ` իբր դրանից մոտ մեկ ժամ առաջ ստացած ահազանգի հետքերով: Թե ինչ է եղել 1 ժամ առաջ` ո՛չ կալանավորվածները և ո՛չ էլ առավել ևս նրանց փաստաբանը չգիտեն: Ընդհանրապես հայտնի չէ` որևէ դեպք իրականում եղե՞լ է, թե՞ ոչ, բայց գործի նյութերով այդպիսի սցենար է գնում. հասնելով գազալցակայան` ոստիկաններն այնտեղ տեսել են Սրապիոն Արթենյանին և փորձել են տանել ոստիկանություն. և երբ, ամենայն հավանականությամբ, բանից անտեղյակ երիտասարդը փորձել է ընդդիմանալ, միանգամից դա ընդունել են որպես դիմադրություն իշխանության ներկայացուցչին: Այդ ժամանակ գազալցակայան են շտապել նաև Սրապիոնի հորեղբայրը` Ռազմիկը (ով եղել է Արարատի մարզային ոստիկանության պահակա-պարեկային բաժնի պետ), հորեղբոր որդին և հայրը` Սամվելը: Նրանք փորձել են պարզել քաշքշուկի պատճառը, բայց հետո այնպես է ստացվել, որ նրանք բոլորը միասին գնացել են Արարատի մարզի ոստիկանություն: Այստեղ էլ արդեն Արթենյաններին ապօրինաբար պահել են անազատության մեջ, ծեծի ենթարկել. կոնկրետ Սամվել Արթենյանին (ով եղել է Վեդիի բաժնի աշխատակից) Արարատի մարզի ոստիկանապետ (արդեն նախկին), գնդապետ Մարգար Մելքոնյանը գիշերը հանել է վանդակաճաղերից ու կանչելով բաժնի մի քանի այլ ոստիկանների` նրանց հետ միասին ծեծել ու նվաստացրել է իր ենթակային:
Ըստ Սեդա Սաֆարյանի` «…Միջադեպի բոլոր մանրամասնությունները հայտնի չեն, որովհետև ոստիկաններն այլ բան են պնդում, Սրապիոն Արթենյանը այլ բան է ասում. Սրապիոն Արթենյանն ասում է, որ ոստիկաններն իրեն վիրավորել են, որի արդյունքում վիճաբանություն է տեղի ունեցել: Իսկ ոստիկանների ասելով` իրենք ուզել են ոստիկանության բաժին տանել Սրապիոնին, նա չի ենթարկվել, որին հաջորդել է իմ մյուս պաշտպանյալների` ոստիկանության աշխատակիցներ Ռազմիկ և Սամվել Արթենյանների այցելությունը, որպեսզի պարզաբանեն, թե ինչ է կատարվել: Իմ պաշտպանյալների ասելով` այնտեղ ոչինչ չի կատարվել, որից հետո բոլոր ոստիկաններով գնացել են բաժին` իբր միջադեպը պարզաբանելու, որին հաջորդել է Ռազմիկ Արթենյանին ամբողջ գիշեր պահելու, Սամվել Արթենյանին նույնպես ապօրինաբար գիշերը պահելու գործընթացը. հետո երեկոյան ժամը իննի սահմաններում երկուսին էլ բերել են Հատուկ քննչական ծառայություն` ձեռնաշղթաներով, ձերբակալել են և կազմել ձերբակալման արձանագրություն»: Փաստաբանը հույս ունի, որ այնուամենայնիվ կհայտնվեն մարդիկ, ովքեր կհաստատեն իր պաշտպանյալներին ապօրինաբար ազատությունից զրկելու և մյուս հանգամանքները:
«…Սամվել Արթենյանը վանդակաճաղերի մեջ է պահվել, իսկ Ռազմիկ Արթենյանը պահվել է ոստիկանության Արարատի մարզայինի պետի տեղակալի աշխատասենյակում, որին հաջորդել են շատ այլ իրավիճակներ. այդ երեք ոստիկանները, որոնք Սրապիոնի հետ վեճի մեջ են մտել և Սրապիոնն էլ երևի իրենց հետ է վիճել, ես չգիտեմ, երկկողմանի հարաբերություն է ստեղծվել, և այդ տեսակետից գտնում եմ, որ քննությունը դեռևս ունի չպարզած հանգամանքներ. ոստիկանները այս գործով շահագրգռված են և, բնականաբար, իրենց անօրինական գործողությունների համար կարող են և պատժվել… և իրենց գործողությունները թաքցնելու, իրենց վրայից պատասխանատվությունը գցելու նկատառումներով, սկսել են (ոստիկանները) Արթենյաններից երեքի վրա էլ ցուցմունք տալ, թե նրանք են հարվածել»,- նշում է պաշտպանը` միաժամանակ հեգնելով, թե ոստիկաններն էլ «խելոք-խելոք» կանգնել են, որ Արթենյաններն իրենց հարվածեն: Եվ հետաքրքիր է, որ այս իրավիճակում այդ երեք ոստիկանները` Արարատի մարզի և Վեդիի ոստիկանության աշխատակիցներ Ատոմ Ասատրյանը, Ռուբիկ Սաղաթելյանը և Ռոման Միսակյանը գործով ճանաչվել են որպես տուժողներ, և ինչպես միշտ` այս դեպքում էլ նախաքննական մարմինը` ՀՔԾ-ն, միայն նրանց է հավատացել և դատաբժշկի ուղեգիր տվել, իսկ ազատությունից զրկվածներին նման հնարավորություն անմիջապես չի ընձեռել… Ու պաշտպանի համար դեռ անհասկանալի է, թե ինչու են անտեսում իր պաշտպանյալների պնդումներն այն մասին, որ նրանք ոստիկաններին չեն ծեծել, ուստի մի քիչ դժվար է հասկանալ, թե այդ «տուժողներն» ինչ հանգամանքներում են ստացել այդ «վնասվածքներ կոչվածը»: Համենայնդեպս, եթե նույնիսկ դատաբժշկական եզրակացություններում էլ ինչ-որ «վնասվածքների» մասին հիշատակում լինի, գոնե Սեդա Սաֆարյանը չի զարմանա, քանի որ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր նա շատ է տեսել իր պրակտիկայում: «Ես գտնում եմ, որ եթե քննությունը այս պայմաններում, այսպես շարունակվի, չէի ասի, որ օբյեկտիվ է ընթանում: Չնայած քննիչը, այսօր իմացա, որ գործողություններ է ձեռնարկել էդ ապօրինի պահելու հանգամանքները պարզելու ուղղությամբ, և բաժին է հրավիրել այն անձանց, պաշտոնյաներին, ովքեր իրականացրել են Արթենյանների ապօրինի պահման գործընթացը»,- նշում է պաշտպանը` հույս փայփայելով, որ գոնե «կիսաճշմարտությունը» ի վերջո կբացահայտվի:
Նախկինում Արթենյանները կոնֆլիկտ ունեցե՞լ են Արարատի մարզի ոստիկանական վերնախավի հետ. ինչի՞ց է այդ կոնֆլիկտն առաջացել: «Իմ պաշտպանյալներն այսպես են բացատրում. դեպքից 7-8 ամիս առաջ, երբ Վեդիի բաժնի պետ է նշանակվել Սևակ Քոչարյանը, ինչպես ամբողջ տարածքը, այնպես էլ իրենք կրակն են ընկել այդ բաժնի պետի ձեռքը (թե ինչպես` չմանրամասնեց), և անվերջ առիթներ է փնտրել (բաժնի պետը) Արթենյանների հետ հարցը լուծելու»,- նշում է պաշտպանը` կարծիք հայտնելով, որ թույլ օղակը հավանաբար Արթենյանի փոքր տղան` 23-ամյա Սրապիոն Արթենյանն է եղել, որը պարզապես իր բնությամբ մի քիչ ակտիվ, ավելի աշխույժ տղա է: «Եվ չգիտեմ, իմ կարծիքով, նրա այդ ակտիվությունն օգտագործվեց, որպեսզի նման միջադեպ լինի, և այս միջադեպն էլ այսպես ուռճացված ներկայացվի հանրությանը, որի արդյունքում նաև հանրապետության շատ բարձր պաշտոնյաների զեկուցվել է ինչպես միշտ այն, ինչ զեկուցում է բաժնի պետը: Եթե բաժնի պետն է զեկուցում տվել, ուրեմն պետի էդ զեկուցած` «մածունը սև ա»-ն հասնի մինչև վերևները: Արդյունքում գործով կանխակալ իրավիճակ է ստեղծվել»,- սա պաշտպանի մեկնաբանությունն է: Նա համաձայն է` համակերպվել այն մտքի հետ, որ երկկողմանի օբյեկտիվ քննություն ընթանա, և եթե իր պաշտպանյալներն էլ մեղավոր լինեն` նրանք էլ պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքի համար, բայց կարծես թե օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու քայլեր չեն արվում:
«Ժամանակ» օրաթերթ











































