Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն անհանգստացած է, որ առաջին օրը օլիմպիական մրցաշարերի ընթացքում տրիբունաները միշտ չեն լի եղել հանդիսատեսով: Տրիբունաները, մասնավորապես, շատ ազատ են եղել լողի տղամարդկանց մրցաշարի եզրափակչում, ինչպես նաև մարզական գիմնաստիկայի մրցույթի ժամանակ:
Մինչև Օլիմպիադայի մեկնարկը կարծիք կար, որ նշված մարզաձևերի մրցաշարերի ժամանակ բավականին շատ հանդիսատես կլինի, քանի որ շատ երկրպագուներ տոմսեր գնելու անհաջող փորձ էին կատարում:
«Մենք անպայման կպարզենք,թե ով պետք է զբաղեցներ ազատ տեղերը և թե ինչու մարզասերները չեն օգտվել իրենց տոմսերից: Նախնական տվյալների համաձայն` ազատ տեղերը նախատեսված էին լրագրողների համար: Բայց չմոռանանք, որ խոսքը Օլիմպիադայի առաջին օրվա մասին է: Տվյալ դեպքում,ավելի ճիշտ կլինի համբերությամբ զինվել և սպասել»,- հայտնել է մրցաշարի կազմկոմիտեի մամլո խոսնակը: