Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնին խոստացել է ընտրվելու դեպքում աջակցել Իսրայելին, եթե նա որոշի ռազմական օպերացիա սկսել Իրանի դեմ: Այդ մասին հուլիսի 29-ին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Ռոմնիի ներքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Դենա Սենորային:
«Եթե Իրանի միջուկային զենք ստեղծելու ծրագրերին խանգարելու համար Իսրայելը ստիպված լինի ուժ գործադրել, ապա նահանգապետը հարգանքով կվերաբերվի դրան»,- ասել է Սենորը:
Հուլիսի 29-ին Երուսաղեմում պետք է կայանա Միթ Ռոմնիի հանդիպումը Իսրայելի ղեկավարության հետ: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը` բանակցությունների ընթացքում Մասաչուսեթսի նախկին նահանգապետը պետք է համոզի իսրայելական առաջնորդներին, որ նրանց համար ավելի լավ դաշնակից կդառնա, քան գործող նախագահ Բարաք Օբաման է:











































