31-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը պայմանագիր է ստորագրել «ԲԱՏԵ»-ի հետ: Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Բարսելոնա»-ի, «Արսենալ»-ի, «Շտուտգարտ»-ի ու Սամարայի «Կրիլյա Սովետով»-ի կազմում:
«Ուրախ եմ, որ վերադարձա «ԲԱՏԵ»: Թիմն այժմ դժվարին օրեր է ապրում: Ես այստեղ եմ կատարել իմ առաջին քայլերը, ապա նոր գնացել Եվրոպա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբին ու հավաստիացնել, որ ամեն ինչ կանեմ՝ վերջինիս առջև դրված նպատակներն իրականացնելու համար: Ուզում եմ խոսել թիմի մարզչական անձնակազմի մասին՝ մարդիկ, որոնց հետ ես խաղացել եմ այն ժամանակ, երբ կրում էի «ԲԱՏԵ»-ի մարզաշապիկը: Մենք ունենք շատ լավ հարաբերություններ ու կատարելապես հասկանում ենք միմյանց: Մարզումներն այստեղ ոչնչով չեն տարբերվում եվրոպականից: Բոլոր պայմաններն ստեղծված են, որպեսզի վայելես մարզումները: Պատրաստ եմ խաղալ այն դիրքում, որում անհրաժեշտ է. ինձ համար տարբերություն չկա»,- ասել է Գլեբը:
Խոսելով ակումբի մասին՝ Գլեբը նաև նշել է, որ ընտրել է 15 համարի մարզաշապիկը, քանի որ իր նախընտրած համարները զբաղեցված են. «Իմ նախընտրած համարները զբաղեցված են, և ես ընտրեցի 15 համարի մարզաշապիկը. այդ համարի մարզաշապիկով սկսել եմ խաղալ «Շտուտգարտ»-ում»,- նշել է Գլեբը պայմանագիրը ստորագրելուց հետո ունեցած զրույցի ժամանակ:









































