ԱՄՆ իշխանությունները հետաքննում են միջազգային վարկանիշային Standard&Poor’s գործակալության գործունեությունը: Հետաքննությունն իրականացվում է ԱՄՆ արդարադատության նախարարության և բորսաների ու արժեթղթերի հանձնաժողովի կողմից: Այս մասին հաղորդում է RBK-ն: Ամերիկյան կառավարությունը ենթադրում է, որ S&P-ն խախտել է դաշնային օրենսդրությունը:
McGraw-Hill Companies Inc. ընկերությունը, որին է պատկանում վարկանիշային գործակալությունը, հաղորդել է, որ վարկանիշների ապօրինի յուրացման մեղադրանքները անհիմն են, և կորպորացիան մտադիր է վճռականորեն պաշտպանել գործակալության գործունեության օրինականությունը:
Ընկերությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ վարկանիշներ են հայտնվել ԱՄՆ վերահսկիչ մարմինների ուշադրության կենտրոնում: Սակայն ավելի վաղ վարկանիշային գործակալություններին, այդ թվում` Standard&Poor’s-ին, քննադատել են հիփոթեքային արժեթղթերի չհիմնավորված բարձր վարկանիշներ տալու մեջ, ինչն էլ կարող էր լինել 2007-2008 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառը:
ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից S&P-ի դեմ առաջին հետաքննությունն անցկացնելու վերաբերյալ հայտնի էր դարձել 2011-ի օգոստոսին: Հետաքննությունը սկսվել էր մինչ գործակալության կողմից ԱՄՆ վարկային վարկանիշի իջեցումը:








































