Uber Eats սննդի առաքման ծառայության վարորդը սպանել է հաճախորդին, հայտնում է Ատլանտայի ոստիկանությունը։ Իրավապահների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երեկոյան մոտավորապես ժամը 11.30-ին, Բաքհեդ շրջանում, երբ 30-ամյա տղամարդը սնունդ է պատվիրել բջջային հավելվածով։
Զոհը դուրս է եկել վարորդին դեմ հանդիման, ստացել իր պատվերն ու սկսել հեռանալ մեքենայից։ Այդ ժամանակ վարորդը հանկարծակի կրակ է բացել հաճախորդի ուղղությամբ։ Ոստիկանությունը նշում է, որ նրանց միջև հավանաբար կծու խոսքերի փոխանակություն է տեղի ունեցել։
Ծառայությունն ափսոսանք է հայտնել տեղի ունեցած առնչությամբ և նշել է, որ աշխատում է Ատլանտայի ոստիկանության հետ։
Ոստիկանության փոխանցմամբ՝ վարորդը սպիտակ «Ֆոլգսվագենով» փախուստի է դիմել։ Ո՛չ զոհը, ո՛չ վարորդը դեռևս չեն նույնականացվել։