Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին, ՀՀ ոստիկանապետին և Մարդու իրավունքների պաշտպանին:
Ստորև ներկայացնում ենք հաղորդման տեքստը.
«Այսօր՝ 2018թ փետրվարի 13-ին, տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը: Նիստի ընթացքում տեղի է ունեցել հարձակում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների վրա: Հարձակվողների թվում են եղել Տարոն Մարգարյանը, Սուրեն Ներսիսյանը, Գոռ Վարդանյանը և մի քանի այլ անձիք:
Հարձակում գործողները «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին սպառնալիքներ են հնչեցրել: Նիստերի դահլիճ են եկել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ, որոնք պաշարել և շրջափակել էին նիստերի դահլիճը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:
Հիմնվելով վերոգրյալի վրա` խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով հարուցել քրեական գործ»: