ԱՄՆ-ը մտադիր չէ անվտանգության ուժեր ստեղծել Սիրիայի և Թուրքիայի սահմանին, այդ մասին ենթադրությունները թյուրիմացության հետևանք են։ Այս մասին, Վանկուվերից վերադառնալով, օդանավում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է Reuters գործակալությունը։
«Այդ ողջ իրավիճակը սխալ է նկարագրվել, սխալ է ներկայացվել։ Մենք ոչ մի անվտանգության ուժ չենք ստեղծում սահմանին»,-վստահեցրել է նա։
Թիլերսոնը նաև նշել է, որ ԱՄՆ-ը պարզապես աջակցություն է ցուցաբերում տեղի ուժերին, որոնք գործում են ԴԱԻՇ-ի գրոհայիններից ազատագրված շրջաններում։
Ավելի վաղ համանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԱՄՆ ՊՆ-ն։ Պետքարտուղարի խոսքով՝ ինքը քննարկել է այդ թեման Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ Վանկուվերում, որտեղ անցկացվել է հյուսիսկորեական հարցով մի խումբ երկրների հանդիպումը։