2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաև՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գևորգյանի, Խաչատուր Գիչյանի և Մանվել Աթոյանի գործով հերթական դատական նիստն այսօր լեզվակռվով սկսվեց:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց՝ քանի որ նախորդ նիստում ամբաստանյալները հրաժարվել էին պաշտպան ունենալ, նիստին մասնակցել և առանց դատավորի թույլտվության՝ լքել էին դահլիճը, նրանց հանդեպ սանկցիա էր կիրառվել՝ նիստերի դահլիճից մի քանի ժամով հեռացման տեսքով: Այդ սանկցիայի դեպքում, ինչպես ընդգծեց Արտուշ Գաբրիելյանը, պաշտպանի մասնակցությունը պարտադիր է դառնում, ուստի ամբաստանյալների համար որպես հանրային պաշտպաններ ներգրավվեցին դատարան ներկայացած փաստաբաններ Անուշ Մխիթարյանն ու Լուսինե Ասլանյանը: