Հունվարի 16-ին Բրյուսելում բացվել Է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի երկօրյա նստաշրջանը, որի գլխավոր թեմաները կդառնան դաշինքի արդիականացումը եւ ռազմական հնարավորությունների ուժեղացումը, գործողություններն Աֆղանստանում եւ Իրաքում, ինչպես նաեւ հարաբերությունները գործընկեր երկրների հետ:
Այդ մասին հայտարարել Է Ռազմական կոմիտեի ղեկավար գեներալ Պյոտր Պավելը՝ բացելով առաջին նիստը: Այդ կառույցի մեջ մտնում են դաշինքի 29 պետությունների գլխավոր շտաբների պետերը: «Մեզ անհրաժեշտ Է ապահովել ՆԱՏՕ-ի արդիականացման գործընթացի շարունակումը, գնահատական տալ մեր ամբողջ ռազմական ակտիվությանը եւ համոզվել, որ մեր բոլոր ռազմական ռեսուրսներն օգտագործվում են առավելագույն արդյունավետությամբ»,-ասել Է նա:
«Մենք պետք Է քննարկենք դաշինքի հնարավորությունների զարգացման հեռանկարները հարեւան տարածաշրջաններում կայունության ապահովման առումով, ինչում զգալի դեր են խաղում հարաբերությունները մեր գործընկերների հետ»,-հայտարարել Է գեներալը: Նա նշել Է, որ հունվարի 17-ին Բրյուսելում հանդիպումներ կանցկացվեն Ուկրաինա-ՆԱՏՕ եւ Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովների շրջանակներում: ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի այս նիստը պետք Է դառնա դաշինքի պաշտպանության նախարարների՝ փետրվարին կայանալիք հանդիպման նախապատրաստական փուլը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: