Femen շարժման ներկայացուցիչները Փարիզում ակցիա են անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆրանսիա կատարած այցի ֆոնին։ Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։
Մինչև գոտկատեղը մերկացած, մատուցողուհու համազգեստով աղջիկները հավաքվել էին Ելիսեյան պալատի մոտ Էրդողանի այցից րոպեներ առաջ, սակայն հեռացվել ոստիկանության աշխատակիցների կողմից։
Նրանց ձեռքերին եղած «մենյուի» մեջ գրված է եղել. «Շոգեխաշած լրագրողներ, մարդու մանրացված իրավունքներ, խյուս՝ խոսքի ազատությունից»։ Մատուցարանի վրա գրված է եղել. «Մարդակեր Էրդողանի ճաշը»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ելիսեյան պալատը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է թուրք գործընկերոջ հետ քննարկել մարդու իրավունքների թեման։