Նոյեմբերի սկզբին Թեհրանում կհանդիպեն Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները: Հանդիպման ընթացքում կքննարկվի «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Նա նշել է, որ Բաքուն պատրաստ է Իրանին վարկ տրամադրել երկաթուղու իր մասի շինարարության համար: Մամեդյարովը նաև նշել է, որ այդ վարկի հնարավոր տրամադրման հարցը քննարկվել է երկու երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպման ժամանակ՝ Բաքվում երկկողմ գործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ: Այն կքննարկվի նաև պետությունների ղեկավարների մակարդակով: Մամեդյարովը նշել է, որ այս նախագծով հետաքրքրված են նաև այնպիսի արտահանող երկրներ, ինչպիսիք են՝ Վիետնամն ու Հնդկաստանը:
«Ես հավատում եմ, որ այս երկաթուղու ներուժը, որը ձգվելու է Բանդար-Աբասից մինչև Սանկտ Պետերբուրգ, մեծ հետաքրքրություն կառաջացնի նաև Վիետնամի և Հնդկաստանի համար»,- ասել է Մամեդյարովը՝ նշելով որ 204 մլրդ դոլար արտահանման ներուժ ունեցող Վիետնամի արտահանման 42 մլրդ դոլարը բաժին է ընկնում Եվրոպային: