Georgia Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Եվրասիայի հարցերով անկախ փորձագետ, քաղաքագետ Փոլ Գոբլը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ մտավախություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուշադրություն չի դարձնի Վրաստանի նման երկրների վրա։
Նրա խոսքերով՝ այդ հանգամանքը կարող է Վրաստանը վերածել Մոսկվայի քաղաքականության պատանդի։ Գոբլը սակայն չի բացառել, որ կշարունակվեն այն բազում նախագծերը, որոնց Վաշինգտոնն իրականացնում է Վրաստանում։
Մեկնաբանելով «Գազպրոմի» ու Վրաստանի միջև ձեռք բերված պայմանագիրը՝ Գոբլը հայտարարել է, որ եթե Վրաստանը շարունակի իր քաղաքական կուրսը, ապա միայն «Գազպրոմի» հետ համաձայնագիրը չի սպառնա նրա ինքնիշխանությանը։