ԼՂ հարցով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Վիեննայի հանդիպումը հաջողված էր՝ հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով պաշտոնական ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել էր Ադրբեջանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մեր տարածքային ամբողջականությունը բանակցությունների թեմա չէ, և ես Վիեննայի հանդիպումը համարում եմ հաջողված: Մենք ակնկալում ենք, որ շուտով, ժամանակ չվատնելով, կսկսվեն շատ լուրջ, ինչպես միջնորդներն են ասում՝ էական, այսինքն՝ բովանդակալից բանակցություններ»,- ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղում իրավիճակի էսկալացիայից հետո առաջին հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ-երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ հիմք կա ենթադրելու, որ Բաքուն և Երևանը ԼՂ հարցով տրամադրված են փոխզիջումների: