Վերջին 3 օրերին 10 հազար ներգաղթյալ է փրկվել Սիցիլիական նեղուցում, որը բաժանում է Ապենինները հյուսիսային Աֆրիկայի առափնյա տարածքից: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Իտալիայի առափնյա պահպանության ծառայությանը, որը համակարգում է փրկարարական գործողությունները:
«Միայն հինգշաբթի օգնություն է ցուցաբերվել 4.000 մարդու, վերջին 3 օրերին 10.000 մարդ է փրկվել: Փրկվածների մեջ կան կանայք և երեխաներ: Նրանք բոլորը կամ արդեն հասցվել են հարավային իտալական նավահանգիստներ, կամ ճանապարհին են»,- ասվում է առափնյա պահպանության ծառայության կենտրոնական հրամանատարության հաղորդագրության մեջ:
Իտալական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ չորեքշաբթի և հինգշաբթի տեղի ունեցած երկու նավաբեկությունների հետևանքով ավելի քան 30 մարդ է մահացել: Ավելի քան 100 ներգաղթյալ համարվում է անհետ կորած: