Հավանայի օդանավակայանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և պատրիարք Կիրիլի հանդիպումը ունի ոչ միայն կարևոր պատմամշակութային, այլ նաև լայն քաղաքական նշանակություն: Այդպիսի կարծիք է արտահայտել The Washington Post պարբերականը` մեկնաբանելով աննախադեպ իրադարձությունը, որը, նրա կարծիքով, կօգնի «վերացնելու քրիստոնեական երկու եկեղեցիների միջև մոտ հազարամյա պառակտումը»:
«Ֆրանցիսկոսի և Կիրիլի հանդիպումը ունի որոշ քաղաքական ասպեկտներ: Վատիկանի համար այն դարձել է ռուսական եկեղեցու հետ տասնյակ տարիներ շարունակվող հաշտեցման փորձերի կուլմինացիոն պահ: Այն կարող է Մոսկվայի հետ կապի ավելի լայն ուղիներ բացել Մերձավոր Արևելքում հումանիտար հետևանքների քննարկման համար, այդ թվում՝ Եվրոպա փախստականների հոսքի և իսլամիստ զինյալների կողմից հնագույն քրիստոնեական համայքների վերացման հարցով»,- համարում է պարբերականը:
«Մոսկվան իր հերթին հանդիպումը կարող է դիտել որպես ստեղծված բարդ ժամանակներում Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերի ցուցադրման և Վատիկանի հետ ավելի կայուն կապերի ստեղծման հնարավորություն»,- ենթադրում է պարբերականը:
Պարբերականը մեջբերում է պատրիարք Կիրիլի խոսքերն այն մասին, որ «հանդիպումը տեղի է ունենում ճիշտ վայրում և ճիշտ ժամանակ», ինչպես նաև Հռոմի պապի խոսքերը. «Վերջիվերջո, մենք եղբայրներ ենք: Դա Աստծու կամքն է»: