Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՄ-Հայաստան նորացված բանակցություններին՝ կարծիք հայտնեց, որ ԵՄ-ին իր դիրքորոշումը վերանայելու՝ տարբերակման մոտեցման հարցում նպաստեց ուկրաինական ճգնաժամը:
«ԵՄ-ն «Արևելյան գործընկերության» ծրագրից հրաժարվելու տարբերակ այլևս չունի»,- ասաց նա՝ հավելելով, որ Եվրամիությունը մեծ դաս քաղեց, որովհետև «նրանք որոշակի էյֆորիա ունեին Խորհրդային Միության փլուզումից հետո, որը, իհարկե, շատ թանկ արժեցավ ուկրաինացի ժողովրդին»:
Նրա խոսքով՝ ԵՄ-ից Հայաստանի ակնկալիքները պետք է բաժանել երկու մասի՝ ինչ է ակնկալում իշխանությունը և ինչ՝ քաղաքացիական հասարակությունը:
Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները և արտաքին քաղաքականությունը մշակողները իրենք պետք է հասկանան, թե որ ուղղությամբ են ցանկանում երկիրը տանել. «Իսկ Հայաստանի Հանրապետությունը միայն շահում է Եվրամիության հետ հարաբերություններից»: