Հայտնի լիբանանցի երգիչ, երաժիշտ և կոմպոզիտոր Մարսել Խալիֆը Օմանի թագավորական սիմֆոնիկ նվագախմբի հետ մարտի 5-ին և 7-ին հանդես կգա երկու համերգներով, որոնք կկայանան Օմանի մայրաքաղաք Մասկատի Թագավորական օպերայի տանը։
Օմանի թագավորական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ և լիբանանահայ դիրիժոր Հարութ Ֆազլյանի գլխավորությամբ նա իր դեբյուտը կանի Մասկատի թագավորական օպերայի տանը համերգով, որով կկայանա նրա նոր՝ The Symphony of Return (Վերադարձի սիմֆոնիա) նվագախմբային ստեղծագործության պրեմիերան։ Այս մասին հայտնում է Times Of Oman-ը։
Համերգի երկրորդ կեսում Խալիֆը կկատարի իր հայտնի երգերից մի քանիսը։
«Նա անհավատալի տաղանդավոր երաժիշտ է և ամենահայտնի ուդ նվագողներից մեկը։ Նա ոչ միայն սիրված է արաբական աշխարհում, այլև մեծապես հարգված ու գնահատված է երկրպագուների կողմից Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և շատ այլ վայրերում»,- ասել է օպերային տան գեղարվեստական ղեկավար Ումբերտո Ֆանին։