Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ընդունել է ռուսական իշխանությունների հրավերը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի առիթով միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
Գործակալությունը հղում է անում նամակին, որն ուղարկվել է էլեկտրոնային փոստով՝ ի պատասխան Կրեմլին հղված հարցման։ Նամակում ասվում է, որ հրավերն ընդունել են պետությունների 20 առաջնորդներ, որոնց թվում է նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդը։ Նշվում, որ մասնակիցների ցուցակը դեռևս վերջնական չէ։ «Մենք շարունակում ենք հրավերների հաստատումների սպասել»,-ասվում է հաղորդագրությունում։ Պաշտոնական Փխենյանը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Եթե այցը կայանա, այն կդառնա 2011-ին իշխանության գալուց հետո Կիմ Չեն Ինի առաջին պաշտոնական արտասահմանյան այցը։
Նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրը Ռուսաստանում է եղել 2011- օգոստոսին՝ մահից ամիսներ առաջ։