Բրիտանացի մանկաբարձուհիները կանցկացնեն պատմության մեջ առաջին գործադուլը՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Որոշումն այդ մասին ընդունել է Մանկաբարձուհիների թագավորական քոլեջը: Արհմիության անդամների շարքում անցկացվել է քվեարկություն, որի մասնակիցների մեծ մասը կողմ են արտահայտվել բողոքի ակցիային:
Գործադուլը նշանակված է հոկտեմբերի 13-ին: Այն, ըստ ամենայնի, կլինի խորհրդանշական և կտևի 4 ժամ: Գործադուլը կլինի մասնակի, մանկաբարձուհիները կշարունակեն ծնունդ ընդունել, սակայն կհրաժարվեն ընդունել հղի կանանց և հետծննդյան փուլում գտնվողներին:
Մանկաբարձուհիներից բացի՝ այդ օրը ծրագրում են գործադուլ անել ազգային առողջապահության համակարգի այլ աշխատողներ: