ՀՀ ժողովրդական արտիստուհի, «Արթիսթս Ֆոր Փիս» միջազգային բարեգործական կազմակերպության հիմնադիր Ֆլորա Մարտիրոսյանի և «Էֆ-Էմ-Էս» մեդիայի կողմից նոյեմբերի 1-ին կազմակերպված Never Again` «Ոչ ցեղասպանությանը» խորագիրը կրող համերգը` նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին, մեկնարկել է Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում:
Այս համերգների շարքը շարունակվելու է մինչև 2015 թվականը, առաջիկայում համերգներ են նախատեսվում Ռուսաստանում, Եվրոպայում, ինչպես նաև արևելյան երկրներում, իսկ 2015-ին` Հայաստանում: Համերգների նպատակն է` մեկ անգամ ևս Ցեղասպանության վրա ուշադրություն սևեռել ու համայն աշխարհին հույսի և խաղաղության կոչ հղել:
Համերգը մեծ հաջողություն է ունեցել: Համերգի տեսանյութում սփյուռքահայերը նշում էին, որ Սփյուռքում այսպիսի ելույթ դեռ երբեք տեղի չէր ունեցել, նման աժիոտաժ երբեք չի եղել, և իրեց համար սա մեծ հպարտություն է:
«Արվեստի դերը մեծ է նման դեպքում: Հատկապես երգի և երաժշտության միջոցով կարող ենք բարձրաձայնել շատ բանի մասին, ասել այն, ինչը այլ պայմաններում անհնար է արտահայտել, սրտիդ ու հոգուդ խոսքը իրավամբ ուղղել մարդկությանը»,- ասել է հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայրը` պոետ, դերասան Մայքլ Սթոունը:
Սթիվի Ուանդերն էլ նշել է. «Աստծո կողմից ինձ շնորհված ամեն օր արթնանալիս աղոթում եմ, որ նման ոճրագործություններ այլևս չկրկնվեն: Ամբողջ կյանքում պայքարել եմ խաղաղության և արդարության համար»:
«Էֆ-Էմ-Էս» մեդիայի համահիմնադիր Արամ Սարգսյանը նկատեց, որ համերգից հետո անընդհատ հնչում են արձագանքներ. «Թուրքական լոբբին այս առումով աշխատեց, որպեսզի Սթիվի Ուանդերը չներկայանար համերգին. հավատացեք, որ դծվար բանակցություններ են եղել, բացի այդ` ահազանգեր կային Ֆլորա Մարտիրոսյանին ֆիզիկական սպառնալիքների ենթարկելու, մեր թիմը անհանգիստ էր և մեծ ուշադրություն էր հատկացնում այդ ամենին»,- ասաց Արամ Սարգսյանը` ավելացնելով, որ ամեն ինչից անկախ` սա իրենց չի վախեցնում. «Այն պահից սկսած, երբ աստղերը հասկացել են` ինչի համար ենք այս ամենը կազմակերպում, ավելի շահագրգիռ են դարձել. սա կարծես մեզ ցույց է տալիս, որ հայ գործարարները պետք է ավելի շատ գումարներ ներդնեն մշակույթի մեջ, որովհետև մշակույթի միջոցով կարելի է շատ ավելի գովազդել Հայաստանը»:
Բեմադրիչ Ժիրայր Դադասյանն անդրադարձավ համերգի երաժշտական բովանդակությանը` նշելով, որ շատ բարձր մակարդակի միջազգային համերգ էր: Ըստ Ժիրայր Դադասյանի` Սփյուռքի մեր հայրենակիցները նշում էին, որ նման համերգի երբեք չէին ներկայացել, և այս համերգը մեր սփյուռքահայերի ուղեղներում կմտցնի, որ բացի քյառթու ռաբիսից` կա բարձր երաժշտություն, և կարող են գնալ ու ճաշակ զարգացնել. «Ի վերջո այս համերգը նաև կրթական խնդիր է լուծում` բացի քաղաքական նպատակները կատարելուց, որովհետև գործ ունենք երաժշտական նյութի հետ»,- ավելացրեց բեմադրիչը:










































