Նոյեմբերի 15-ից կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և webtv.am ինտերնետ հեռուստատեսության «webԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացահայտել է, թե ինչու է ծագել նման կինոփառատոն անցկացնելու գաղափարը:
Նրա խոսքով`մեծ թվով մարդիկ չեն հետաքրքրվում կինոփառատոններով, չեն հաճախում կինոսրահներ ժամանակի սղության պատճառով, ինչի պատճառով էլ օնլայն կինոփառատոնը հենց այդ մարդկանց համար է:
Կինոփառատոնը կավարտվի դեկտեմբերի 25-ին: Սահմանված է երկու մրցանակ` գլխավոր մրցանակ` 1000 դոլարին համարժեք դրամ, և խրախուսական մրցանակ` 500 դոլարին համարժեք դրամ:
Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ։
Ինտերնետային քվեարկությունը տեղի է ունենալու նույն կայքում: Այս կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր հայ կինոռեժիսորները:
Մրցույթին ներկայացվելու են մինչև քսան րոպե տևողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակման:
Ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկայով: