«Տարբերությունը ո՞րն է՝ Ցեղասպանության ժամանակ 1.5 միլիոն մարդ սպանվեց, այս տարիների ընթացքում էլ հենց այսքան մարդ գնացել ա Հայաստանից: Անպայման Ազնավո՞ւրը պիտի ասի դրա մասին: էս 20 տարի ասում եմ՝ ինչի տեղ ա անցնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ազնավուրի վերջին հարցազրույցին, նման կարծիք հայտնեց երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Նա նկատեց, որ իշխանություններին այնքան էլ հետաքրքիր չեն նման հայտարարությունները՝ ով ուզում է ասի, լինի մեծ շանսոնյեն, թե փոքր Հախվերդյանը:
Նա նշեց, որ դատապարտելին ոչ թե գնացողներն են, այլ պատճառերը, որի համար գնում են մարդիկ, իսկ այդ պատճառները, ըստ Հախվերդյանի, բոլորը գիտեն, և դրա մասին անգամ խոսում է Շարլը: Ավելին, Հախվերդյանի խոսքերով՝ ինքն էլ է մտածել Հայաստանից գնալու մասին․«Որ ես մնացի, իմ երեխաները այստեղ ի՞նչ են անելու, եթե պետք լինի՝ կգնամ»: Երգահանի կարծիքով՝ այսօր հայ երիտասարդների 50 տոկոսից ավելին ներքին էմիգրացիայի մեջ է, ամեն օր մտածում է գնա՞լ, թե՝ մնալ:
Ըստ Ռուբեն Հախվերդյանի՝ եթե նրանցից յուրաքանչյուրը դրսում 4000 դոլարանոց աշխատանք ունենար, ապա հաստատ կգնար: Խոսելով այն արվեստագետների մասին, ովքեր վերադառնում են, որպեսզի այստեղ ստեղծագործեն, Հախվերդյանը թերահավատորեն մոտեցավ նրանց արվեստագետ լինելու հանգամանքին` նշելով նրանք գնացել են զուտ հաստատավելու համար, սակայն չի ստացվել, և հիմա հետ են եկել, որպեսզի այստեղ հաստատվեն․ «Ովքեր արտասահմանում իրենց տեղն ունեն, սպանես՝ չեն գա Հայաստան, գան ի՞նչ անեն, Մասիս սարին նայե՞ն, Մասիսին տելևիզրով էլ կարող են նայել»:
Հախվերդյանի խոսքերով՝ այստեղ խնդիրը ոչ թե նյութական է, այլ այն, որ դրսում մարդիկ կարող են զբաղվել իրենց սիրած գործով և առաջ գնալ, իսկ Հայաստանում դա անհնար է. «էդքանն իմանալով՝ մարդիկ մնան այստեղ՝ սովից սատկե՞ն: Դա իդեոտիզմ կլինի»:
Լուսանկարը` Bravo.am-ի