Առաջիկայում մայրաքաղաքը տրանսպորտային ճգնաժամի առաջ է կանգնելու. շուրջ 450 միկրոավտոբուս դուրս է գալու տրանսպորտային ցանցից, ինչի արդյունքում, Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի կարծիքով, հնարավոր է տրանսպորտային կոլապս՝ առավել ևս այն դեպքում, երբ շուտով վերաբացվելու են ուսումնական հաստատությունները: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հրանտ Եղիազարյանը՝ քաղաքացիները կրկին հայտնվելու են այն վիճակում, ինչ արտակարգ դրության խիստ սահմանափակումների ժամանակ էր, երբ հասարակական տրանսպորտը չէր գործում, բայց այս պարագայում պարզապես կանգառներում ժամերով չսպասելու համար մարդիկ ստիպված են լինելու օգտվել տաքսի ծառայություններից, որոնք էլ իրենց հերթին, առիթից օգտվելով, գրեթե կրկնակի թանկացնելու են վճարը:
«Նոր շարժակազմի ձեռք բերման անհրաժեշտություն կա, բայց Երևանի քաղաքապետարանն այս երկու տարվա ընթացքում մատը մատին չի տվել: Մեզ հարկավոր են մեծ, միջին ու փոքր ավտոբուսներ, քաղաքապետն էլ էր դրա մասին խոսում, բայց ո՞ւր են էդ ավտոբուսները, քաղաքացիները ո՞նց են աշխատավայր, դպրոց, համալսարան և այլուր հասնելու, հո բոլորը չե՞ն, որ անձնական օգտագործման մեքենա ունեն»,- ասաց Հրանտ Եղիազարյանը:
Նա հավելեց. «Ունենք լեգիտիմ, բայց ոչ կոմպետենտ իշխանություն, սարսափելի ոչ կոմպետենտ… այն մարդիկ, ովքեր գոնե մի քիչ պատկերացում ունեին քաղաքային խնդիրների մասին, ինչպես տեսնում ենք՝ կամաց-կամաց թողնում-հեռանում են դաշտից, որովհետև տեսնում են, որ ոչ կոմպետենտ ղեկավարների հետ աշխատել հնարավոր չէ»:
Այս համատեքստում Եղիազարյանը հասարակական տրանսպորտի աշխատանքի բարելավման հետ կապված հիշեցրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կեսկատակ-կեսլուրջ արված հայտարարություններից մեկը, ըստ որի՝ քաղաքապետը հորդորել էր երևանցիներին համբերատար լինել ու ավելի շատ ոտքով քայլել, համենայնդեպս, այնտեղ, որտեղ հնարավոր է:
«Պարոն Մարությանը շատ խելացի բան է ասել. մարդը, ենթադրենք, ապրում է Մասիվում, իսկ նրա աշխատանքի վայրը գտնվում է Չարբախում կամ Բանգլադեշում, կամ ուսանողն, ասենք թե, ապրում է Ավանում, Էրեբունիում կամ մեկ այլ տեղ ու առավոտյան պետք է Շրջանային դասի գնա, էս մարդիկ ո՞նց են տեղ հասնելու… դե իհարկե, քաղաքապետի կոչով՝ տանից դուրս են գալու ու ոտքով գնան իրենց գործերով կամ էլ կարող են գյուղերից էշ բերել ու էշով ման գալ, էշով գնալ դասի, էշով գնալ գործի, միևնույն է՝ տրանսպորտի զգալի մասը շուտով չի աշխատելու, դրանց փոխարեն խոստացված նոր ավտոբուսները չկան, իսկ մնացածներում էլ կանգնած վիճակով մարդկանց փոխադրելն արգելված է, տաքսիներն էլ՝ թանկ: Ինչ կա որ՝ հրաշալի գաղափար է և առողջարար»,- հեգնեց մեր զրուցակիցը:
Վերջինս այս համատեքստում շարունակեց. «Բա Երևանի քաղաքապետն ինքն իր ասածին կհետևի՞, հա՞, կիջնի՞ իր ծառայողական մեքենայից ու ոտքով քաղաքի մի ծայրից մյուսը գնա կամ տնից քաղաքապետարան… դժվար թե հարմարավետ մեքենան թողնեն ու ոտքով գնան կամ էդ նույն գազելները նստեն մյուս քաղաքացիների հետ միասին:
Մեր պաշտոնյաների մոտ այսքան ժամանակ կարծես թե մենակ խոսելն ու մարդկանց զվարճացնելը կամ բարկացնելն է լավ ստացվում… Չգիտես ինչու, մենք արդեն սովորել ենք, որ մեր ղեկավարները պետք է ցինիկ բաներ ասեն ու մարդկանց վրա հրճվեն: Ժամանակին էլ Լևոն Տեր-Պետրոսյանն էր մարդկանց ասում՝ պարտք արեք ու ապրեք, բայց դրա հետ մեկտեղ չէր ասում, որ էդ պարտքով փող տվողը չկա, մարդիկ փող չունեին իրենք ապրեին, ուր մնաց թե ինչ-որ մեկին պարտքով փող տային»:
Մեր զրուցակիցը նկատեց, որ դուրս գրվող միկրոավտոբուսների շահագործման ժամկետն ավարտվում է, որից հետո դրանց հետագա շահագործումը պարզապես հանցագործություն է: Նրա խոսքով՝ ոչ մի գծատեր ու ընկերության տնօրեն գլխից ձեռք չի քաշել, որ ժամկետի ավարտից հետո էլ այդ նույն միկրոավտոբուսներով ուղևորափոխադրում իրականացնի, քանզի դժբախտ պատահար գրանցվելու դեպքում նրանք կկանգնեն քրեական պատասխանատվության առաջ: Հետևաբար քաղաքացիների կյանքի և առողջության պահպանման տեսանկյունից Եղիազարյանը ճիշտ համարեց այդ միկրոավտոբուսների դուրսգրումը, բայց մյուս կողմից էլ ընդգծեց՝ դրանց այլընտրանքը դեռևս չկա, տուժողը կրկին շարքային քաղաքացին է:
«Իսկ դեռևս ժամկետի մեջ գտնվող միկրոավտոբուսներն էլ այդքան վատ վիճակում են, որովհետև շահագործումից ստացվող հասույթը տերերը չեն ուզում դրանց բարելավման վրա ծախսել, դնում են իրենց գրպանը, կամ էլ եթե անձնական միկրոավտոբուս է ու պարզապես համաձայնության արդյունքում ինչ-որ մի գծի տակ է քշվում, ապա գծատիրոջը վարորդն այնքան փող է վճարում, վառելիքի վրա այնքան փող է ծախսում, որ տակը մնացած եկամուտը չի բավարարում տեխնիկապես թարմացնելու այդ գազելը: Սա էլ իր հերթին մի ուրիշ խնդիր է»:
Փոխադրողների միության նախագահն ասում է՝ կան բավարար ֆինանսական ռեսուրսներ նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար, կառավարությունն ունի այդ միջոցները, բայց ո՛չ ինքն է անում, ոչ էլ Երևանի քաղաքապետարանը: Ավելին՝ վերջինս որպես քաղաքային իշխանություն հանցավոր դանդաղկոտություն է ցուցաբերում նման լրջագույն խնդրի լուծման ուղղությամբ:
«Կա՛մ թող իրենք հայթայթեն բերեն, կա՛մ նոր ավտոբուսներ ներկրելու մրցույթ հայտարարեն, կամ էլ ներդրողների գտնեն, որովհետև լավ բանակցելու, պայմանավորվելու, ճիշտ ներկայացնելու պարագայում հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր ցանկություն կհայտնեն այս ոլորտում ներդրումներ կատարելու և այդ շարժակազմերը բերելու: Իսկ քաղաքացիներն էլ, իրենց հերթին, եթե իմանան, որ նորմալ, տեխնիկապես սարքին, մաքուր ու անվտանգ տրանսպորտով են երթևեկելու, մեծ մասն էլ գուցե համաձայնի մի փոքր էլ ավելի վճարել երթևեկության համար, ոչ թե շախմատի ձիու նման, անմարդկային պայմաններով գնա ու գա: Սակայն ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք, երկու տարի եղավ արդեն՝ սայլը տեղից չի շարժվում: Դե տեսնենք, թե այս տեմպերով ուր ենք հասնելու. իմ կարծիքով՝ ոչ մի լավ տեղ»,- եզրափակեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի











































