Պանդեմիայի հետևանքով ֆուտբոլային մրցաշրջանի հետաձգվելու հետևանքով տրանսֆերային շուկայում ֆուտբոլիստների արժեքի անկում է սկսվել։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 20 միլիոն եվրո։ Անկում են ապրել նաև Հայաստանի ազգային հավաքականի մյուս առաջատար ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Մինչև համավարակի բռնկումը Հայաստանն ուներ 5 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում էր մեկ միլիոն եվրոն։ Այսօր ունենք բոլորավին այլ պատկեր։ Եվ այսպես, Մխիթարյանից հետո հայաստանցի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստի, գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերը նվազել է մեկ միլիոն եվրոյով և այժմ 4 միլիոն եվրո է։ Նշենք, որ Սարգիս Ադամյանը նախքան կորոնավիրուսի տարածումը ծանր վնասվածք էր ստացել և զրկվել մինչև մրցաշրջանի ավարտը խաղադաշտ դուրս գալու հնարավորությունից։ Այնուամենայնիվ, չի բացառվում, որ մրցաշրջանի վերսկսման ժամանակ Ադամյանն ապաքինված լինի և օգնի իր թիմին։ 300 հազար եվրոյով նվազել է մեր հավաքականի մեկ այլ առաջատար ֆուտբոլիստ Ղազախստանի չեմպիոն «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը և հիմա կազմում 1․2 միլիոն եվրո։ «Ուրալում» հանդես եկող մեր հավաքականի պաշտպանական գծի առաջատար Վարազդատ Հարոյանի տրանսֆերն էլ նվազել է 250 հազար եվրոյով և կազմում է 950 հազար եվրո։ Ինչպես Ադամյանը, Հարոյանը ևս այժմ լուրջ վնասվածք ունի և պատրաստվում է վիրահատության։ Ամենաթանկ հայաստանցի ֆուտբոլիստների լավագույն հնգյակում գտնվող ղազախական մեկ այլ ակումբի «Կայրաթի» ներկայացուցիչ Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքն էլ նվազել է 200 հազար եվրոյով և հիմա 800 հազար եվրո է։
Այս պահին Հայաստանն ի դեմս Հենրիխ Մխիթարյանի, Սարգիս Ադամյանի և Տիգրան Բարսեղյանի ունի ընդամենը երեք ֆուտբոլիստների, որոնց տրանսֆերային արժեք գերազանցում է մեկ միլիոն եվրո։ Ընդամենը մեկ ամիս առաջ ունեինք նաև երկու ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը մոտ էր միլիոնի շեմին։ Խոսքը շվեդական «Գյոթեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրի և դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանի մասին է։ Բաբայանի տրանսֆերային արժեքը կազմում էր 700 հազար եվրո, իսկ Չալըշըրի տրանսֆերային արժեքը 800 հազար եվրո է։
Այսօր Բաբայանի տրանսֆերը՝ 475 հազար եվրո է, իսկ Չալըշըրի տրանսֆերը՝ 650 հազար եվրո։ Ընդհանուր առմամբ, եթե մեկ ամիս առաջ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում էր 35 միլիոն եվրո ապա հիմա այդ թիվը նվազել է հասնելով 28․3-ի։ Նշենք սակայն, որ պանդեմիայի հետևանքով անկում են ապրել գրեթե բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ընդամենը 70 միլիոն եվրոյով վաճառել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը։ Այս կերպ իտալական տիտղոսակիր ակումբը մի քանի ամիս ևս կկարողանա վճարել մյուս ֆուտբոլիստների աշխատավարձը։ Նույն Տրանսֆերմարկետ պարբերականը Ռոնալդուի տրանսֆերը գնահատում է 60 միլիոն եվրոյով։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Ռոնալդուի տրանսֆերը Մադրիդի «Ռեալից» ձեռք էր բերել 100 միլիոն եվրոյով։ «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսի տրանֆերը ևս զգալի նվազել է և կազմում է 112 միլիոն եվրո։







































