ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) ավարտել է «SpaceX»-ի «Starship» հրթիռակրի վերադարձի ձախողման հետաքննությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին կայացավ «SpaceX»-ի «Starship» հրթիռի 12-րդ փորձնական թռիչքը՝ 2023 թվականի ապրիլից սկսված փորձարկումների շրջանակում։ Այդ թռիչքի ընթացքում ներկայացվեց հրթիռի նոր տարբերակը, որը նախատեսվում է դարձնել Իլոն Մասկի տիեզերական ծրագրերի առանցքային հենասյունը՝ ինչպես առևտրային արձակումների, այնպես էլ արբանյակային նախագծերի և տիեզերագնացներին Լուսին տեղափոխելու առաքելությունների համար։
«Starship»-ի վերին աստիճանը հաջողությամբ դուրս բերվեց դեպի տիեզերք՝ մինչև Հնդկական օվկիանոս ձգվող մերձուղեծրային հետագծով։ Սակայն «Super Heavy» հրթիռակիրը չկարողացավ վերահսկվող փափուկ վայրէջք կատարել Մեքսիկական ծոցում, քանի որ նրա 33 «Raptor» շարժիչներից հինգը չվերագործարկվեցին՝ ուղղահայաց վայրէջքի արագությունը նվազեցնելու համար։
Հետաքննության համաձայն՝ «Super Heavy»-ն ջերմային վնասվածքներ էր ստացել թռիչքի երկրորդ րոպեին, երբ «Starship»-ը գործարկել էր իր շարժիչները՝ հրթիռակրից անջատվելու նպատակով։ Դրա հետևանքով հրթիռակիրը հայտնվել էր չնախատեսված դիրքում։
FAA-ն նաև հայտնել է, որ վերադարձի ձախողմանը նպաստել են շարժիչի տագնապի ազդանշանային համակարգի սխալ կարգավորումները։ Արդյունքում «Super Heavy»-ն մեծ արագությամբ բախվել է Մեքսիկական ծոցի ջրերին և հարվածի պահին պայթել։









































