Գերմանիայում ֆերմերային տնտեսություն վարող երեք ընտանիքներ և բնության պահպանության Greenpeace կազմակերպությունը դատի են տվել Գերմանիայի կառավարությանը, քանի որ նա, ըստ հայցվորների, բավարար ջանքեր չի գործադրում մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար, հայտնում է DW-ը։
Հայցվորների կարծիքով, կլիմայի գլոբալ տաքացման պատճառով իրենց տնտեսություններում տարածվում են այգու վնասատուներ, ինչը հանգեցնում է բերքի ծավալի կրճատմանը և, որպես հետևանք, ֆերմերային տնտեսությունների ֆինանսական կորուստների։ Սա նման առաջին հայցն է Գերմանիայի պատմության մեջ։ Բեռլինում վարչական դատարանը պետք է այս հարցը հոկտեմբերի 31-ին քննի և նույն օրը վճիռ կայացնի, հայտնում է dpa գործակալությունը։
Տասներկու տարի առաջ Գերմանիան նպատակ էր դրել մինչև 2020թ․, 1990թ․ հետ համեմատած, հասնել ջերմոցային գազերի արտանետումների մակարդակի 40 տոկոս նվազման։ Սակայն արդեն այսօր ակնհայտ է, որ այդ նպատակը ժամանակին չի իրականացվի։ Ընդ որում, քանի որ այդ մտադրությունն ամրապնդվել էր միայն «կլիմայի պաշտպանության առումով», այլ ոչ թե որևէ օրենքի, ԳԴՀ կառավարությունը ֆերմերների և բնապահպանների հայցն անիրավաչափ է համարում։

Վերջիններս էլ լրիվ հակառակ կարծիքի են՝ պնդելով, որ կառավարության որոշումները ոչ թե պարզապես ինչ-որ մտադրությունների արտահայտություն են, այլ կատարման ենթակա իրավական ակտեր։ Ելնելով դրանից՝ Ներքին Սաքսոնիա, Շլեզվիգ-Գոլդշտեյն և Բրանդերբուրգ դաշնային հողերի գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքները կարծում են, որ ոտնահարվել են իրենց հիմնական իրավունքները:











































