Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ և ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունների ղեկավարների միջև երեկ՝ հունիսի 29-ին Ստեփանակերտում ստորագրվեց «Փոխադարձ իրավական օգնության մասին» հուշագիր։
Մինչ հուշագրի ստորագրումը, ԼՂՀ գլխավոր հարկադիր կատարող Սամվել Շահրամանյանը ողջույնի խոսքում նշեց, որ դեռևս 2010 թ. մարտի 26-ին երկու ծառայությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նոր շունչ ու լիցք է տվել արցախյան կառույցին, համաձայն որի մշակվել և հաստատվել է 2010-2011 թթ. համագործակցության ծրագիրը։ Արդյունքում ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում ներդրվել և կիրառվում է էլեկտրոնային հաշվառման համակարգը և ստեղծվել է կայքէջ։ Հայաստանի ԴԱՀԿ ծառայության կողմից այդ նպատակով տրամադրվել են համապատասխան տեխնիկական միջոցներ, մասնագետների կողմից մշակվել և ներդրվել են էլեկտրոնային ծրագրեր, փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակման նպատակով կազմակերպվում են փոխադարձ այցելություններ, իրականացվում է օրենսդրական դաշտի և գործելաոճի նույնացում։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը գոհունակություն հայտնեց արցախյան գործընկեր կառույցի հետ տարեցտարի համագործակցության ամրապնդման առթիվ։ Անդրադառնալով երկու կառույցների միջև փոխադարձ իրավական օգնության մասին հուշագրի ստորագրման փաստին՝ նշեց. «Նախաձեռնությունը, որ արվել է մեր կողմից 2010 թ. մարտին, բավականին խոստումնալից է և այսօր արդեն իսկ արձանագրում ենք որոշակի արդյունքներ։ Մեզ համար ուրախալի է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն իր դրական արդյունքն է տվել ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿ-ում։ Այսօր, փաստորեն, անցնում ենք համագործակցության 2-րդ փուլ, որով, ինչպես նշվեց, իրավական փոփոխություններ են նախատեսվում։ Վարույթի փոխանցում, պարտապանի և նրա գույքի հետախուզում. սրանք հարցեր են, որոնք պետք է ամրագրվեն համագործակցութան շրջանակներում, ինչն էլ այսօր արվում է»։
Այն, որ գործընթացն իրականացվում է ջերմ մթնոլորտում, ինքնին հաջողության գրավական է։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խոսքերով՝ անելիքները շատ են և պետք է փորձենք նոր մեխանիզմներ գտնել, մարդկային գործոնը հնարավորինս նվազեցնել՝ բարձրացնելով բռնագանձումների մակարդակը։
Միհրան Պողոսյանը խոսեց նաև ապագայի անելիքների մասին՝ հանդես գալով որոշակի առաջարկություններով։
Համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ գլխավոր հարակադիր կատարողն իր ղեկավարած կառույցի կողմից փոխըմբռնման և աջակցության համար հուշանվեր հանձնեց Արցախի իր գործընկերոջը։
Նույն օրը հայաստանյան պատվիրակությունը եղել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերում, հանդիպումներ ունեցել սպայակազմի և զինվորների հետ։ Միհրան Պողոսյանը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից զորամասերին է նվիրել համակարգչային և կենցաղային տեխնիկա։









































