ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փաստացի անձամբ է կառավարում Վենեսուելայի ֆինանսներն ու էներգետիկ ոլորտը։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հոդվածում նշվում է, որ այն պահից, երբ ամերիկյան զորքերը առևանգեցին Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյին, Ռուբիոն դարձել է երկրի «դե ֆակտո» փոխարքան։ Պարբերականի աղբյուրները պնդում են, որ նա ակտիվորեն ներգրավված է իշխանությունների առօրյա աշխատանքում՝ սերտ կապ պահպանելով նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ։ Ռուբիոն նրա հետ քննարկում է բարձրաստիճան պաշտոններում նշանակումները և ապահովում ամերիկյան նավթային ընկերությունների մուտքը Վենեսուելա։
Ըստ հրապարակման՝ Ռուբիոն Ռոդրիգեսի հետ շփվում է WhatsApp-ով՝ իսպաներենով, քննարկելով աշխատանքային հարցերից բացի նաև անձնական թեմաներ։ Նշվում է, որ Մադուրոյի առևանգումից անմիջապես հետո Ռուբիոն կապ է հաստատել Ռոդրիգեսի հետ և առաջարկել համագործակցություն՝ հակառակ դեպքում սպառնալով Վենեսուելային հասցնել ամերիկյան հարվածներ։
Դեռ հունվարի վերջին Դելսի Ռոդրիգեսը հայտարարել էր, որ ամերիկյան իշխանություններն իրեն և այլ պաշտոնյաների մահվան սպառնալիքներ են հղել։ Լրատվամիջոցները գրում էին, որ նրա դեմ կազմված է մանրամասն դոսյե, որը կարող է հանգեցնել քաղաքական գործչի ձերբակալությանը։










































