Բալկաններում և Կովկասում նշվում է տղաների և աղջիկների ծննդյան հարաբերակցության համաշխարհային միջին ցուցանիշի բարձրացում՝ հօգուտ տղաների: Այս մասին Le Monde թերթում գրում է Ռեմի Բարուն:
«Կովկասի հարավում և Բալկանների արևմուտքում տղաներ ավելի շատ են ծնվում, քան աղջիկներ: Ալբանիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Կոսովոյում 100 ծնված աղջկա դիմաց ծնվում է 110-117 տղա: Այս մասին վկայում են հետազոտության արդյունքները, որոնք անցկացրել է Ժողովրդագրական հետազոտությունների ազգային ինստիտուտը վերջին 30 տարիների ընթացքում: Այս միջին ցուցանիշը գերազանցում է համաշխարհային նորման՝ 105 տղա 100 աղջկա դիմաց»,- գրում է պարբերականը:
Ակնհայտ է, որ դիսբալանսը կապված չէ կենսաբանական պատահականության հետ, այլ բազմաթիվ գործոնների արդյունք է՝ պնդում են հետազոտության հեղինակները: Արևելյան Եվրոպայում «արականության» այս հաղթանակը կապ ունի 90-ական թթ. տեղի ունեցած սոցիալ-քաղաքական փոփոխությունների հետ: Բալկանների և Կովկասի այս երկրներում ընտանիքները շարունակում են հետևել տղա երեխա ունենալու սկզբունքին:
Հոդվածագրի խոսքերով՝ հօգուտ տղաների այս անհավասարակշռությունը մեկնաբանվում է ոչ միայն կոմունիստական ռեժիմնի փլուզմամբ: Տնտեսական ճգնաժամը զգալիորեն թուլացրել է կնոջ կարգավիճակը: Գործազրկությունն առաջին հերթին ավելի խոցելի է դարձնում կանանց: Այլ խոսքերով՝ սկսել է զարգանալ սելեկտիվ աբորտների պրակտիկան:
«Հայաստանում, օրինակ, նշվում է համաշխարհային ռեկորդ՝ 185 տղա 100 աղջկա դիմաց»,- գրում է հեղինակը և հավելում, որ Կովկասի և Բալկանների երկրների կառավարություններին ևս սկսել է մտահոգել գենդերային խնդիրը:










































