ԱՄՆ վարչակազմը երկուշաբթի Կոնգրես է ուղարկել 2018 թվականի բյուջեի նախագիծը, որում նախատեսված է պաշտպանության նախարարության ծախսերի էական մեծացում։ Համաձայն տարածված փաստաթղթերի՝ առաջարկվում է Պետագոնի հաջորդ ֆինանսական տարվա (սկսվում է 2017 թվականի հոկտեմբերի 1-ից) բյուջեն սահմանել 639 մլրդ դոլար, ինչը 54 մլրդ դոլարով կամ մոտ 10 տոկոսով գերազանցում է ընթացիկ մակարդակը։ Այդ գումարը կներառի իր մեջ 65 մլրդ դոլար՝ արտերկրում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված գործողությունների անցկացման համար։
Որպեսզի նախագիծն օրենք դառնա, պահանջվում է Կոնգրեսի երկու պալատների հավանությունն ու նախագահի ստորագրությունը։ Ավանդաբար բյուջեի «սևագիրը» համարվում է Սպիտակ տան առաջնահերթությունների լայն բնութագրություն, իսկ իրական բյուջեն սովորաբար դառնում է վարչակազմի ու Կոնգրեսի միջև փոխզիջումների արդյունք։
Հաղորդում է, որ Թրամփի վարչակազմն առաջարկում է 29 տոկոսով կրճատել Պետդեպին հատկացվող գումարը։ Պետդեպի ընդհանուր բյուջեն նախագծով կազմում է 27.1 մլրդ դոլար՝ ընդդեմ 2017 ֆինանսական տարվա 38 մլրդ դոլարի։











































