«Հըզբոլլահ» շիայական խմբավորումը թույլ չի տա Իսրայելին՝ անպատիժ խախտել լիբանանյան սահմանը, հայտարարել է խմբավորման առաջնորդ, շեյխ Հասան Նասրալլան:
«Ալ-Մայադին» արբանյակային հեռուստաալիքի եթերում նա մանրամասներ է պատմել սահմանային միջադեպից, որը տեղի է ունեցել անցած շաբաթ: Լիբանանի տարածք ներխուժած իսրայելցի զինծառայողները պայթել էին ականների վրա: Նրանցից 4-ը վնասվածքներ էր ստացել:
«Այդ պայթյունները պատահականություն չէին: Մենք այդ շրջանում իսրայելական ներխուժում էինք սպասում և սահմանին տեղադրել էինք կառավարվող ականներ»,- ասել է Նասրալլան՝ ընդգծելով, որ «Հըզբոլլահը» պատասխանատվություն է կրում այդ «ռեյդի» համար:
Միջադեպը տեղի է ունեցել Ալ-Նակուրա քաղաքից ոչ հեռու, որտեղ տեղակայված է Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի շտաբը: Խաղաղապահների հրամանատար, իտալացի գեներալ Պաոլո Սերան անցած շաբաթ անցկացված հետաքննության արդյունքում հաստատել է Իսրայելի կողմից «կապույտ գծի» խախտման փաստը:










































