Արևմուտքում մարդկանց մեծ մասը պլաստիկ վիրաբույժների ծառայություններին են դիմում նախկին գրավչությունը վերադարձնելու համար: Իսկ ահա չինացիները վիրաբույժի դանակի տակ են պառկում այլ պատճառներով. նրանք պետք է գոհացնեն գործատուին՝ հայտնում է The Daily Mail-ը:
Չինաստանում դիտվում է պլաստիկ վիրահատությունների թվաքանակի կտրուկ ավելացում: Բոլորը ցանկանում են երիտասարդ տեսք ունենալ: Չինական պարբերականներից մեկի լրագրող Ջոաննա Չիուն հայտնել է, որ գործատուները չհիմնավորված շեշտադրում են անում երիտասարդության վրա: 30 տարեկան մարդիկ մտավախություն ունենալով, թե ղեկավարության ընտրությունը կանգ կառնի 20-ամյա մասնագետների վրա, փորձում են խուսափել իրադարձությունների նման զարգացումից:
Լրագրողի խոսքով՝ Չինաստանում տեղի ունեցող դրամատիկ տնտեսական, մշակութային և քաղաքական փոփոխությունները ստիպում են մարդկանց հավատալ, որ բարեկեցությունը կախված է արտաքին տեսքից: