Ռուպերտ Մերդոկի ղեկավարած News Corporation միջազգային մեդիահոլդինգի բաժնետերերը երեքշաբթի օրը Նյու Յորքում տեղի ունեցած հատուկ ժողովի ժամանակ հավանության են արժանացրել ընկերության՝ 2 անկախ կառույցների բաժանվելու նախագիծը: Այս մասին նշվում է մեդիահոլդինգի տարածած հաղորդագրությունում.
«Մենք ուրախ ենք, որ առանձնացման մասին առաջարկը հաստատվել է բաժնետերերի ճնշող մեծամասնության կողմից: Նախատեսվում է, որ այն ավարտին կհասցվի հունիսի 28-ին: Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ աշխատանքները կսկսեն 2 նոր ընկերությունները, որոնք կդառնան իրենց ոլորտի առաջատարները»,- նշվում է հայտարարությունում:
Առաջին ընկերությունը՝ 21st Century Fox-ը, կներկայացնի հեռուստահաղորդումներ և կինոնախագծեր, իսկ նոր՝ News Corporation անունը կրող կառույցը կկենտրոնանա թերթերի և պարբերականների վրա:










































