Համաձայն ԱՄՀ նախնական գնահատումների` համաշխարհային տնտեսության աճը 2010 թ. համար կազմել է 5.0%` նախորդ տարվա 0.6% անկման փոխարեն: Այս մասին ասվում է ԿԲ այսօր հրապարակած «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2010» պարբերականում: Այսինքն` ՀՀ ՀՆԱ նվազումը 2009 թ. (14.2%) էականորեն մեծ է եղել աշխարհի միջինից, իսկ 2010 թ. ՀՆԱ աճը (2.1%) էականորեն ավելի ցածր է եղել աշխարհի միջինից:
Ընդ որում, ԱՄՀ գնահատումների համաձայն, զարգացող երկրների 2010 թ. տնտեսական աճը կազմել է 7.1%, մինչդեռ զարգացած երկրներինը` ընդամենը 3.0%: Զարգացող երկրների շարքում տնտեսության առավել արագ աճ գրանցել են Չինաստանը (մոտ 10.3%), Հնդկաստանը (9.3%), Բրազիլիան (7.5%): Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներում գրանցվել է առավել համեստ` 4.2% տնտեսական աճ: Այսինքն` Հայաստանի ՀՆԱ աճը 2010 թ. երկու անգամ զիջում է նաև Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների միջին ցուցանիշին:
Վրաստանում 2010 թ. գրանցվել է 6.7% տնտեսական աճ` 2009 թ. 3.8% անկման փոխարեն: Ռուսաստանում 2010 թ. գրանցվել է ՀՆԱ 4% աճ, Թուրքիայում` 7.8%:










































