Toyota Motor ու Ford ավտոմոբիլային ընկերություններն անվանել են աշխարհում ամենավաճառվող մոդելները: Ճապոնական հսկայի տվյալով՝ մոլորակում ամենավաճառվող ավտոմեքենան Toyota Corolla-ն է, իսկ ամերիկյան հսկայի տվյալով՝ Ford Focus-ը:
Երկու ընկերությունների միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ford-ն ապրիլի 9-ին հրապարակեց մամլո հաղորդագրություն՝ Focus-ն անվանելով աշխարհում ամենաշատ վաճառվողը:
Ամերիկացիների տվյալներով, որոնք հիմնված են Polk ընկերության հետազոտության վրա, որը տեղեկություններ է հավաքում վաճառվող ավտոմեքենաների մասին, 1 տարում, վաճառվել է 1,02 մլն Focus ավտոմեքենա՝ թույլ տալով Ford-ին գրավել առաջին տեղը:
Մամլո հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվել Toyota Corolla-ի վաճառքների մասին, սակայն ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները գրել էին, թե վաճառվել է 873 հազար մեքենա:
Toyota-ն չի համաձայնել այդ հաստատման հետ: Նրանց սեփական հաշվարկների համաձայն՝ աշխարհում 1 տարում վաճառվել է 1,16 մլն Corolla:
Այս մասին ապրիլի 10-ին հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով ճապոնական ընկերության մամլո հաղորդագրությանը:
Ո՛չ Polk-ը, ո՛չ Ford-ը Toyota-ի հայտարարությունը չեն մեկնաբանել:










































