Թուրինի «Յուվենտուս»-ի նախկին հարձակվող Կարլոս Տևեսը, ով ներկայումս հանդես է գալիս «Բոկա Խունիորս»-ում, մեկնաբանել է Իտալիայի գործող չեմպիոնի անհաջող ելույթն ընթացիկ մրցաշրջանում։
«Դիտելով «Յուվենտուս»-ի խաղերը՝ ցավ եմ զգում։ Սրտիս մի մասնիկը թողել եմ այդ թիմում։ Նորմալ է այն, ինչ կատարվում է հիմա, քանի որ թիմում նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել։ Պետք է հավատալ ակումբին։
«Յուվենտուս»-ին տվել եմ ամեն ինչ։ Որոշեցի օգնել «Բոկա Խունիորս»-ին, քանի որ տեսնում էի, որ թիմը դժվարություններ ունի։ Չինական ակումբներից մեկն ինձ տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ էր առաջարկում, բայց իմ պարագայում փողը որոշիչ չէ»,- Տևեսի խոսքերը մեջբերում է Tuttosport-ը։
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուս»-ը մեկնարկային 6 տուրում վաստակել է 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։









































