Քաղաքական գործիչ Բորիս Նադեժդինը հայտարարել է Պետդումայի ընտրություններում իր ընտրարշավը դադարեցնելու մասին։ Նա պարզաբանել է, որ այլևս չի կարող առաջադրվել խորհրդարանում՝ «օտարերկրյա գործակալի» կարգավիճակի և «ծայրահեղական» հոդվածով ստացած տուգանքի պատճառով։
«Իմ բերանը փակում են, դուրս մղում քաղաքականությունից և լրջորեն բարդացնում կյանքս։ Ինձ համար Ռուսաստանում լեգալ կերպով ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են։ Հուսով եմ՝ ժամանակավորապես»,- գրել է Նադեժդինը՝ հավելելով, որ այժմ պետք է մտածի հետագա անելիքների մասին, և հույս հայտնելով, որ կմնա ազատության մեջ ու ողջ։
Նշենք, որ հուլիսի 17-ին մերձմոսկովյան դատարանը քաղաքական գործչին տուգանել է վարչական գործով՝ «ծայրահեղական» խորհրդանիշներ ցուցադրելու համար (տեսանյութում Ալեքսեյ Նավալնիի լուսանկարի հղման պատճառով), իսկ հուլիսի 10-ին Նադեժդինը ճանաչվել էր «օտարերկրյա գործակալ»։








































