ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ պատերազմի, սակայն միջուկային խնդիրը կարգավորելու համար չի բացառում ոչ մի գործողություն, նույնիսկ՝ ռազմական: Այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ ամերիկաիսրայելյան հասարակական հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ:
«Մենք չենք ձգտում պատերազմի: Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների: Սակայն գործողությունների բոլոր տարբերակները, այդ թվում նաև ռազմական ուժի կիրառումը, քննարկվում են» ,-ասել է Բայդենը:
Բացի այդ, ԱՄՆ-ը կարծում է, որ «դիվանագիտության համար դեռևս ժամանակ և տարածություն կա»: Բայդենը վստահեցրել է նաև, որ նախագահ Օբաման, այսպես ասած, չի «ստում», երբ խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է ամեն ինչի, միայն թե թույլ չտա, որ միջուկային զենքն Իրանի «տրամադրության տակ հայտնվի»։