TVC հեռուստաալիքը «Պոստսկրիպտում Ալեքսեյ Պուշկովի հետ» ծրագրում հրապարակել է Մոսկվայի կենտրոնում տեսախցիկից արված տեսանյութը, որում արձանագրված է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը:
«Վայրկյանների ճշգրտությամբ արձանագրված է հանցագործությունը: Տեսագրության որակը բարձր չէ, բայց ավտոմեքենաները և մարդկանց ուրվագծերը երևում են»,- ասվում է ծրագրում:
Նշվում է, որ երևում է, թե ինչպես են կամրջով անցնում Նեմցովը և նրա ընկերուհին: Ապա բեռնատար է անցնում: 23:31-ին բեռնատարի թափքը նրանց թաքցրել է տեսախցիկից: Ենթադրվում է, որ հենց այդ պահին էլ տեղի է ունեցել սպանությունը:
«Մեկ վայրկյան անց այնտեղից ևս մեկ մարդ է վազում երթևեկելի մաս, արագ նստում ավտոմեքենան և հեռանում: Դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա կանգնում է ձնահավաք մեքենան: Այնտեղ մնում է միայն մեկ ուրվագիծ՝ ենթադրաբար, Նեմցովի ուղեկցուհու: Հետո նա մոտենում է վարորդներին և մի քանի րոպե գտնվում ձնահավաք մեքենայի հետևում»,- նշվում է սյուժեում:
Ժամը 23.42-ին սպանության վայր էին ժամանել ոստիկանության աշխատակիցները։