ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) այլևս չի խոսում իր քավորի մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, թե Ծառուկյանի հետ այլևս հարց չունի:
– Վերջին ժամանակներս Դուք կարծես մի կողմ եք «քաշված»: Այժմ ի՞նչ գործունեություն եք ծավալում:
– Ես միշտ էլ զբաղվել եմ իմ գործերով ու իմ գործերը քաղաքական դաշտից դուրս են գտնվում, գործարար եմ, իմ բիզնեսով եմ զբաղված:
– Տեղեկություններ կան, որ Դուք Ձեր բիզնեսները ցանկանում եք երկրից դուրս հանել ինչ մտադրություն ունեք:
– Իմ բիզնեսները միշտ էլ ներսում են եղել, ես բիզնեսներ դրսում չեմ ունեցել, երբեք էլ չեմ ասել, որ հնարավոր է՝ իմ բիզնեսները երկրից դուրս հանեմ: Ես երկրից դուրս գալու չունեմ, ես այստեղ ծավալվելու և աշխատելու եմ:
– Արդեն ակտիվ քարոզարշավ է սկսվել Դուք ի՞նչ եք անում, ո՞ւմ համար եք աշխատելու:
– Քաղաքական հարցեր մի՝ տվեք, ես միշտ էլ պաշտպանել եմ մեր երկրի նախագահին, ու իմ խնդիրն է պաշտպանել մեր նախագահին: Բայց չեմ ցանկանում քաղաքական հարցերին պատասխանել:
– Բայց Աբովյան քաղաքը շատ ակտիվ աշխատում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում ձայներ ապահովելու համար: Անգամ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանն է ՀՀԿ առաջնորդի համար աշխատում: Դուք միմյանց չե՞ք խանգարում:
– Երբ որ տնից դուրս ենք գալիս, արդեն աշխատում ենք, կուսակցության աշխատանքներով ես այժմ չեմ զբաղվում:
– Իսկ ինչպիսի՞ն են Ձեր և Գ. Ծառուկյանի փոխհարաբերությունները: Ի վերջո, ինչպե՞ս լուծվեցին «գծային» խնդիրները: Անընդհատ դժգոհում էիք, թե Ծառուկյանի «բարեգործական երթուղիները» խանգարում էին Ձեր երթուղիների բնականոն աշխատանքին:
– Այդ ամբողջ հարցերը համարեք լուծված:
– Բայց մինչև այսօր դեռ աշխատում են Աբովյան-Երևան, Չարենցավան-Երևան «բարեգործական երթուղիները», ինչպե՞ս են լուծվել: Դո՞ւք եք համակերպվել իրավիճակի հետ:
– Տեղյակ չեմ էդ երթուղիներն աշխատում են, թե ոչ: Մի քիչ բարդ հարց եք տալիս: Մի բան կարամ ասեմ ուղղակի այդ հարցը կարող եք համարել լուծված: Հենց այդպես էլ կարող եք գրել:
Հ Գ. Դատելով Արթուր Հարությունյանի խոսքերից «գծային պատերազմում» հաղթող դուրս եկավ Գագիկ Ծառուկյանը, քանի որ նրա երթուղիներն աշխատում են: Պարզապես Պալաչի հոգեվիճակն է փոխվել ու այլևս չի դժգոհում:











































