Parliamentmonitoring.am կայքի համաձայն՝ հինգերորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում նիստերից ամենաշատ բացակայող պատգամավորը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նրան հաջորդում են ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանն ու նույն՝ ԲՀԿ անդամ Կարո Կարապետյանը:
«Առաջին լրատվական»-ը ԱԺ հարցում էր արել, թե այս երեք պատգամավորներն ի՞նչ պատճառաբանությամբ են բացակայել նիստերից, և արդյոք նրանց բացակայությունները հարգելի՞ են: ԱԺ լրատվական ծառայությունից պատասխանել են, որ Ս. Դեմիրճյանը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Հայտնի է, որ նա առողջական խնդիրներ ունի, մի քանի անգամ վիրահատվել է և այժմ էլ այդ պատճառով գտնվում է Գերմանիայում: Նրա բացակայությունները հարգելի են:
Գ. Ծառուկյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած ԱԺ և ոչ մի նիստի չի մասնակցել: Նրա խմբակցության պատգամավորներին կամ մամլո քարտուղարին երբ այդ մասին հարց է ուղղվել, բերել են զանազան պատճառաբանություններ, թե պարոն Ծառուկյանը գերզբաղված է, Հայաստանում չէ, գործուղման է և այլն: Եվ եթե զբաղված չլիներ, նիստերին անպայման կմասնակցեր: Սակայն բազմաթիվ դեպքեր են եղել, որ Գ. Ծառուկյանը նիստերի օրերին Հայաստանում է եղել, բայց ԱԺ չի եկել, փոխարենը հեռուստացույցով նրան տեսել ենք զանազան միջոցառումների մասնակցելիս: Այսինքն` Գ. Ծառուկյանն ամեն ինչի համար ժամանակ ունի, բայց ԱԺ նիստերին մասնակցելու ժամանակ չունի: Մինչդեռ նրա գլխավոր աշխատանքը, որքան էլ դժվար է պատկերացնել, պետք է լիներ օրենսդրական գործունեությունը՝ օրենքներ մշակելը, հեղինակելը, դրանք ԱԺ քննարկմանը ներկայացնելը և ոչ թե գործարարությամբ զբաղվելը: Նա սեփականություններ ունենալու իրավունք ունի, բայց որպես պատգամավոր, չունի դրա կառավարմամբ զբաղվելու իրավունք:
Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը 11 տարի է, ինչ պատգամավոր է. նա պատգամավոր է դարձել 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարման խորհրդարաններում: Դժվար է ասել, թե նրա անուն-ազգանունը քանի օրենքի տակ է գրված, նույնքան դժվար է նրան պատկերացնել ԱԺ ամբիոնի մոտ որևէ նախագիծ ներկայացնելիս, որևէ օրինագիծ քննադատելիս, ելույթ ունենալիս, կառավարությանը հարց ուղղելիս և օրենսդրական գործունեությանը բնորոշ այլ քայլեր անելիս: Բայց քանի որ նա պատգամավոր է դարձել, պարտավոր է դա անել, հակառակ դեպքում ՀՀ ԱԺ Կանոնակարգ-օրենքը պահանջում է դադարեցնել նման պատգամավորների լիազորությունները:
ԱԺ Կանոնակարգ-օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` պատգամավորի լիազորությունները դադարեցվում են, եթե «մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից նրա բացակայելը, սույն օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով, համարվել է անհարգելի»: Իհարկե, պատգամավորի լիազորությունները դադարեցնելու այլ պատճառներ էլ կան, բայց տվյալ դեպքում բացակայող պատգամավորների դեպքում այս դրույթը պետք է գործի: Իսկ քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե նա ներկայացնում է անաշխատունակության թերթիկ, եթե նա ԱԺ կողմից գործուղման է մեկնել, և եթե նա ձերբակալվել կամ կալանավորվել է: Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանն այս ընթացքում չի ձերբակալվել: ԱԺ-ից երեկ մեզ տեղեկացրեցին, որ նա գործուղման էլ չի մեկնել: Իսկ թե ինչ պատճառների մասին է խոսքը, ԱԺ-ի գրության մեջ նշված չէ: Այնտեղ հիվանդանալու մասին էլ խոսք չկա: ԱԺ Կանոնակարգ-օրենքը նաև սահմանում է, որ նստաշրջանի ավարտից հետո 15-օրյա ժամկետում պատգամավորն իր բացակայությունների համար պետք է դիմի ԱԺ նախագահին և պատճառաբանի դրանք: «Գագիկ Ծառուկյանը երկու անգամ Ազգային ժողովի նախագահին պաշտոնապես տեղեկացրել է երկու քառօրյաներից իր բացակայությունների պատճառների մասին, որոնք համարվել են հարգելի»,- ընդամենը սա է նշված ԱԺ-ից ստացած պատասխանի մեջ:
Տվյալ դեպքում ԱԺ նախագահի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ կարծիքից է կախված, թե Գ. Ծառուկյանի բացակայությունները հարգելի են, թե ոչ: Հովիկ Աբրահամյանը, բնականաբար, իր խնամու բացակայությունները հարգելի է համարել: Կարելի է նաև վստահ լինել, որ Գ. Ծառուկյանը ԱԺ նիստերին նույն կերպ կհաճախի նաև գարնանային նստաշրջանին, հավանաբար նաև՝ առաջիկա 5 տարիներին, ու նրա բացակայությունները հարգելի կհամարվեն: Հատկապես նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով աշնանային հաղթական հաղթարշավից հետո դժվար թե նա գա ԱԺ, դուրս գա դահլիճից, շփվի պատգամավորների կամ լրագրողների հետ: Ասում են, որ այս օրերին նա նույնիսկ իր կուսակիցներին չի ընդունում: Պարզապես երբեմն-երբեմն ինչ-որ սպորտային կամ երիտասարդական միջոցառումներ է կազմակերպում, ելույթներ ունենում, հետո դա հեռուստատեսությամբ ցուցադրում:
Ինչ վերաբերում է Կ. Կարապետյանին, ապա ԱԺ-ից ստացված գրության մեջ նշված է, որ նրա «բացակաների թիվը 66 է, որից 12-ը այն օրերին են, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հանդես էր եկել ԱԺ քվեարկություններին չմասնակցելու մասին հայտարարությամբ, ինչը համարվում է հարգելի»: Ի դեպ, Parliamentmonitoring.am կայքի համաձայն՝ ԱԺ նիստերից բացակայող պատգամավորների առաջին տասնյակից յոթը ԲՀԿ անդամներ են. Գագիկ Ծառուկյան, Կարո Կարապետյան, Աբրահամ Մանուկյան, Գուրգեն Արսենյան, Մուրադ Գուլոյան, Վահե Հովհաննիսյան և Հարություն Ղարագյոզյան:
Հիշեցնենք նաև, որ վերջին մի քանի Ազգային ժողովներում դեռևս ոչ մի պատգամավոր իր բացակայությունների պատճառով մանդատից չի զրկվել:










































