Թուրքական Bugün թերթի փոխանցմամբ՝ ջերմային տեսախցիկներով զինված և հելիում գազով աշխատող առաջին աերոստատը շուտով սկսելու է թռչել երկրի հարավարևելյան հատվածում ընկած Հաքքարի նահանգի վրայով, ուր սովորաբար ակտիվ գործունեություն են ծավալում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մարտիկները:
Թուրքիայի ՆԳ նախարար Իդրիս Նաիմ Շահինը պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունից պահանջել է 6 այդպիսի աերոստատ՝ Իրաքի, Սիրիայի և Իրանի հետ սահմանին դրանք անվտանգության ու հետախուզական նպատակներով գործածելու մտադրությամբ:
Այդ նպատակով ՆԳՆ-ն օրեր առաջ երեք հոգանոց պատվիրակություն էր գործուղել ԱՄՆ: Վերջինիս ոստիկանությունն արդեն երկար տարիներ է, ինչ այդպիսի թռչող «փուչիկներ» է գործածում Մեքսիկայի հետ սահմանին թմրանյութերի, զենքի մաքսանենգության և ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարում:
Անկարա վերադառնալուց հետո այդ խումբը զեկույց է պատրաստել աերոստատների մասին և ներկայացնելու է ՆԳՆ-ին: Թռչող «փուչիկների» գինը տատանվում է 1-3 միլիոն դոլարի սահմանում: Թուրքիայի ՆԳՆ-ն մտադիր է դրանք գործածել PKK-ի զինյալների տեղաշարժի և նրանց «բները» հայտնաբերելու համար: Բացի այդ, դրանք պետք կգան թմրանյութերի, վառելիքի մաքսանենգության և ապօրինի ներգաղթյալների հոսքի կանխման համար:
Առաջին փուլում աերոստատները գործածվելու են Հաքքարի նահանգում, ապա նաև՝ Շըրնաք, Թունջելի, Վան և Դիարբեքիր նահանգներում: Դրանք ի վիճակի կլինեն թռչել 300-900 մետր բարձրության վրա և օդում մնալ 6-10 ժամ: Նշվում է, որ ԱՄՆ-ից գնվելիք աերոստատները չեն խոցվում հրազենային կրակոցից: Աերոստատներից ստացված լուսանկարները փոխանցվելու են հրամանատարական կենտրոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե Թուրքիան մտադիր է Lockheed Martin ընկերությունից գնել Zeppelin տիպի դիրիժաբլներ, որոնք որպես անօդաչու թռչող սարք գործածելու է Իրաքի ու Իրանի սահմաններում` ընդդեմ PKK-ի:











































