Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրով՝ սեպտեմբերի 13-20-ը կանցկացվեն լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր տեսակների, նաև Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ: Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ՝ փոխանցում է Trend-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունների առաջին փուլում ծրագրվում է զինված ուժերի հետախուզության, Հատուկ նշանակության ուժերի, ռազմաօդային ուժերի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության բոլոր տեսակների փոխազդեցության ու համակարգման հարցերի ուսումնասիրություն:
Երկրորդ փուլում կիրագործվեն տարբեր պայմաններում, այդ թվում՝ լեռնային տարածքում, Ցամաքային զորքերի հարձակողական գործողությունների կազմակերպման և մարտավարական օդային դեսանտի վայրէջքի, հարձակողական և առաջապահ խմբերի օգտագործման, գործողությունների բազմակողմանի ապահովման առաջադրանքներ:
Զորավարժությունների երրորդ փուլում հրաձգարաններում մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները կանցկացնեն ռազմական կրակոցներ:
Զորավարժություններին կներգրավվի անձնակազմի մոտ 30 հազար անդամ, ավելի քան 250 միավոր զրահատեխնիկա, 150 հրթիռային և հրետանային սարքավորում, մինչև 20 ինքնաթիռ և 15 ուղղաթիռ:









































